National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.06.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 7

Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: 
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց 2010 թ. մարտի 16-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ 2009-2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Համաձայնագրի նպատակն է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնապահպանության, տնտեսության, էներգետիկայի եւ ժողովրդավարության ոլորտներում:

Համաձայնագիրը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

2010 թ. մարտի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) հանձնաժողովի քննարկմանը  ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Համաձայնագրի նպատակն է ամրապնդել հանրային հատվածի կառավարման իրականացումը` ծառայություններն առավել լավ մատուցելու համար:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ  հանձնաժողովը քննարկեց նաեւ 2010թ. մարտի  10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության  եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական  բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր), որի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումները` վերակառուցելու  Երեւան քաղաքի մետրոպոլիտենի համակարգը:

2010թ. մարտի 5-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ փոխառության համաձայնագիրը (Լրացուցիչ ֆինանսավորում  սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Համաձայնագրի նպատակն է բարելավել հանրային զբաղվածության, կենսաթոշակային եւ սոցիալական աջակցության գործակալությունների գործունեությունը` հասարակությանը ծառայությունների մատուցման գործում:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2010 թ. մարտի 5-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիրը  (երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար ), որի նպատակն է օժանդակել անապահովների եւ խոցելի խմբերի  կենսամակարդակի  բարձրացմանն ուղղված վարկառուի քաղաքկանությունը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց  2007 թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության  եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման կարգի մասին» համաձայնագիրը, որի նպատակն է հաստատել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում խաղաղության  պահպանման գործողությունների անցկացման ժամանակ Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման կարգը:

2010 թ. մայիսի 27-ին ստորագրված «Լինսի հիմնադրամի» եւ ՀՀ կառավարության միջեւ  երկրորդ փոխըմբռնման հուշագիրը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ 2009 թ. նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված  «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Համաձայնագրի նպատակն է կողմերի միջեւ հաստատել մշակույթի եւ արվեստի ոլորտներում համագործակցություն:

2001 թ. նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարություններով) ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Էմիլ Բաբայանը: Նրա խոսքով` արձանագրության նպատակն է ընդլայնել կոնվենցիայի կիրառման ոլորտը, առավել մանրամասն կարգավորել քրեական  գործերով փոխադարձ օգնության մասին հարցում կատարելու պարագայում վկաների, փորձագետների, ինչպես նաեւ հայցող կողմի պաշտոնատար անձանց ներկայանալու, կալանքի տակ գտնվող անձանց ժամանակավոր փոխանցման, կոնվենցիայի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման եւ դատական մարմինների միջեւ անմիջական հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց 2009 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է վերոնշյալ հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ համագործակցության հարցերի հետ կապված գործողությունների համաձայնեցումը` հաշվի առնելով երկու պետությունների օրենսդրությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց 2009 թ. նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու արդյունքում նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը տեղեկացրեց, որ 1980 թ. մայիսի 9-ին ստորագրված «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» կոնվենցիայի նպատակն է դյուրացնել եւ արագացնել միջազգային երկաթուղային հաղորդակցությունը` միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների համար միասնական կանոնների սահմանման միջոցով:

2009 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորումը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանի գնահատմամբ` համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված համաձայնագրերը, արձանագրությունը, կոնվենցիան եւ  հուշագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցումով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ԼՂ հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունմամբ, ըստ օրինագծի համահեղինակ Ստյոպա Սաֆարյանի, Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ ԼՂՀ-ն բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքի ընդունումը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

Քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Դրական եզրակացություն ստացավ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից օրինագծերով, որոնց հեղինակը ՀՀ կառավարությունն է: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ` սկզբունքային բոլոր հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, հեղինակն ընդունել է առաջարկների գերակշիռ մասը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ ՀՀ կառավարության մեկ այլ` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Ինչպես տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, օրենսդրական փաթեթը քննարկվել է մի շարք շահագրգիռ կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչների հետ, կատարված բազմաթիվ առաջարկների կեսն ընդունվել է: Նախագիծն արժանացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության դրական կարծիքին:

Օրինագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա  նիստերի օրակարգի նախագծում:

Հեղինակների առաջարկով հետաձգվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ դրան կից` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը: 

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի  եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը, որոշվեց հունիսի 17-ին ժամը 11.00-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ» թեմայով:  Դրա վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստվել է հետազոտություն: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա տեղեկացրեց, որ 1997 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվելուց հետո «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը, գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: Հոդվածը պարունակել է այնպիսի կետեր, որոնք գործնականում չեն կիրառվել վերջին տասը տարիների ընթացքում: Բացի այդ, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կուտակած աշխատանքային փորձը լուրջ հիմքեր է ստեղծել նշված հոդվածում կատարել որոշակի փոփոխություններ:

Փոփոխություններ կատարելու հիմնական նպատակներն են` օրենքից հանել այն հյուպատոսական ծառայությունները, որոնք գործնականում չեն կիրառվում, ավելացնել հյուպատոսական ծառայությունների այն տեսակները, որոնք նոր են սկսել մատուցվել, անկախ նրանից, թե որ  երկրում են գտնվում` ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ստանալ հյուպատոսական ծառայություններ հավասարության սկզբունքով, այսինքն` միեւնույն սակագներով, նվազեցնել ակնհայտ բարձր դրույքաչափերը, վերացնել ըստ երկրների խմբերի դրույքաչափերի տարանջատումը: Օրենքի նախագծում առաջարկվում է միասնական դրույքաչափերի սկզբունքը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներից շատերը հյուպատոսական ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի բարձր դրույքաչափերի պատճառով չեն կարողանում դիմել իրենց փաստաթղթերը կարգավորելու համար (ապօրինի բնակվում են անվավեր ժամկետանց անձնագրերով, չեն գրանցում ամուսնությունը կամ նորածին երեխայի ծնունդը, չեն կարողանում ստանալ եւ ներկայացնել նստավայր պետության իրավասու մարմինների կողմից պահանջվող տեղեկանքները եւ այլն), դրույքաչափերի նվազեցումը հնարավորություն կտա սոցիալապես անապահով քաղաքացիներին իրենց փաստաթղթերին առնչվող խնդիրները լուծելու համար դիմել ՀՀ դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ, որի արդյունքում կավելանա հյուպատոսական գործողությունների թիվը եւ հյուպատոսական ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի գծով գումարների մուտքերը պետական բյուջե առաջարկվող փոփոխություններն ընդունելուց հետո էապես չեն նվազի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագիծը նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետաձգեց «Հաստատագրված արտոնագրային վճարների մասին» օրինագծի եւ  մինչեւ 60 օրով` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը   բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ տվեց դրական եզրակացություն: 
  
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ  քննարկվեց կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը: Նշվեց, որ նախագծով նախատեսվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ անվտանգության միջոցներն ու պայմանները հաստատելու իրավասությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչը ներկայումս նույն օրենքով տրված է ՀՀ կառավարությանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» փաթեթին: 

Հանձնաժողովը որոշեց նաեւ հաստատել «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» տարեկան հաշվետվության քննարկումների արդյունքները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Անահիտ Բախշյանի, Արծվիկ Մինասյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լյովա Խաչատրյանի, Արման Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Գալուստ Սահակյանի, պայմանավորված է նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական եւ հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո: Պետությունը, նույնպես կարեւորելով ընտանիքի դերը, մի շարք իրավական ակտերի ընդունմամբ փորձել է թեթեւացնել ընտանիքի հոգսը: Մասնավորապես, վերջին այդպիսի իրավական ակտը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն էր: Նշվեց, որ բավականին հարուստ է նաեւ ընտանիքի հետ կապված հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1993 թ. սեպտեմբերի 20-ի թիվ 47/237 բանաձեւով որոշել եւ հորդորել է ՄԱԿ-ի անդամ մյուս պետություններին` սկսած 1994 թ. ամեն տարի մայիսի 15-ը նշել որպես Ընտանիքի միջազգային օր: Դրան հետեւել եւ ամեն տարի մայիսի 15-ին Ընտանիքի օրը տոնում են Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ Նախագահներիի հրամանագրերով` Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ընտանիքի օրը, որպես տոն օր, Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Առաջին ընթերցման ընթացակարգով հանձնաժողովը քննարկեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ներկայացրած օրենքի նախագիծը: Առաջարկվում է հոդվածը լրացնել 2.1 մասով, որով պահանջվում է գերակա հանրային շահ ճանաչելու համար որպես չափանիշ ընդունել այդ շահի ապահովման կենսական անհրաժեշտություն լինելը: Պետական կառավարման մարմինը, կամ համայնքը պետք է հանդիսանան օտարվող գույքի ձեռքբերող, եւ այն ձեռքբերելուց հետո կարող են գերակա նպատակի իրականացումը հանձնարարել կազմակերպության կամ ֆիզիկական անձի, կարող է ներգրավել նրանց միջոցները:

Կառավարության տեսակետը ներկայացնելով` ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ գերակա հանրային շահ ճանաչելու նպատակները եւ հիմքերը հստակ սահմանված են գործող օրենքով եւ նախագծով ներկայացված դրույթների անհրաժեշտություն չկա:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ չպետք է փորձել արհեստական խոչընդոտներ ստեղծելով պաշտպանել քաղաքացիների շահերը: Նա անընդունելի է համարում օրինագծով առաջարկվող փոփոխությունները:

Հանձնաժողովը քննարկումների արդյունքում որոշեց օրինագծին չտալ դրական եզրակացություն:

«Հանրային ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցումով, որը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ-ում հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը, ինչպես նաեւ կարգավորվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանք իրականացնող անձանց` հանրային ծառայողների իրավական վիճակի եւ դրա հետ կապված այլ հարաբերություններ:

Հանձնաժողովը որոշեց օրենսդրական փաթեթը հանձնաժողովի հունիսի7-ի նիստում եւս մեկ անգամ քննարկել` եզրակացություն ներկայացնելու համար:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը առաջին ընթերցումով ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Արամ Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի, Հերմինե Նաղդալյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 343` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասը` ապաքրեականացնելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին: Օրինագծերով մասամբ իրացվել են նաեւ Հայաստանում դատավարությունների դիտարկում ծրագրի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները:

Քննարկումների արդյունքում որոշվեց օրենսդրական փաթեթն ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որի հեղինակներն էին ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանը, վարդան Բոստանջյանը, Ռուզաննա Առաքելյանը, Գոհարիկ Ենոքյանը, Սամվել Նիկոյանը, նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության դեմ: Փոփոխություններն ամբողջացնում են պատասխանատվության շղթան այն խախտումների նկատմամբ, որոնք ներառում են ապօրինի ձեռնարկատիրությունը, առանց լիցենզիայի գործունեությունը, լիցենզիայի առկայության դեպքում կեղծ ապրանքների արտադրությունը, ինչպես նաեւ այլ ապրանքանիշերի խեղաթյուրման եւ շփոթության աստիճանի նմանության միջոցով սպառողներին խաբելը:

Հանձնաժողովը որոշեց քննարկվող օրենսդրական փաթեթի վերաբերյալ չներկայացնել դրական եզրակացություն:

Հանձնաժողովը, քննարկելով ՀՀ նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ Ազգային ժողով վերադարձված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որոշեց դրական եզրակացություն ներկայացնել:

Երկրորդ ընթերցումով քննարկվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած օրինագիծը:

Մինչեւ 30, 60 եւ 90 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի եւ օրենսդրական փաթեթների քննարկումները: 
  
Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մի խումբ օրինագծեր, որոնք կընդգրկվեն ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորների քննարկմանն առաջին ընթերցմամբ  ներկայացրեց վերջին շրջանում հանրային բուռն քննարկումների արժանացած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որում, ինչպես իրազեկեց  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,  հաշվի են առնվել հանրության հնչեցրած մտահոգությունները:

Ըստ նրա` ներկայացված նախագիծն էապես տարբերվում է առաջինից:  Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Գործող օրենքի այս դրույթն  առաջարկվում է լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով, ինչն էլ հիմնականում անընդունելի ձեւակերպում է դեմ արտահայտվողների համար: Ըստ ԿԳ նախարարի` փոփոխությունների նպատակը միջազգային կրթական ծրագրերի իրականացումն է հանրապետությունում, ինչը հնարավոր չէ իրագործել գործող օրենսդրությամբ: Ըստ նրա` այժմ հանրապետությունում ապօրինի գործում է նմանատիպ դպրոց, թեեւ չկա համապատասխան օրենք: Նա նշեց, որ այլալեզու դպրոցների հիմնումը նպատակ չունի բարձրացնել  օտար լեզուների դասավանդման որակը:

Նախատեսվում է, որ հիմնվելիք  այլալեզու դպրոցներում կրթական ծրագրերի մեկ երրորդն ուսուցանվելու է հայերենով եւ ունենալու է հայագիտական ուղղվածություն: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն առաջարկվում է լրացնել պարբերությամբ, ըստ որի` այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ կամ միջազգային ծրագրեր իրականացնող օտարերկրյա այն ուսումնական հաստատությունները, որոնք կրթությունը կազմակերպելու են օտար լեզուներով, կարող են գործել բացառապես ՀՀ կառավարության որոշումով եւ սահմանված կարգով իրականացնել միջնակարգ կրթության երկրորդ եւ երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր: Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները: Հանրապետությունում նախատեսվում է ունենալ այլալեզու 15 դպրոց, որից 8-ը` Երեւանում, իսկ նույն լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 5-ն է:

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամ եւ ոչ անդամ պատգամավորներ, ովքեր  արտահայտեցին իրենց  տեսակետները, մտահոգությունները եւ  կարծիքները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունն առաջարկում է այլալեզու կրթությունն իրականացնել բացառապես ավագ դպրոցում: Նա տեղեկացրեց, որ առաջարկի ընդունմամբ էլ պայմանավորված կլինի խմբակցության քվեարկությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ խմբակցությունը վերահաստատում է իր առաջարկը, ըստ որի` այլալեզու դպրոցները պետք է գործեն մասնավոր հիմունքներով եւ ավագ դպրոցում: ԱԺ ՀՀԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցություններն իրենց տեսակետները կհայտնեն ԱԺ լիագումար նիստում: Օրինագծին դեմ արտահայտվեցին պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լիլիթ Գալստյանը, Ստյոպա Սաֆարյանը: Կողմ արտահայտվեցին պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով օրինագծի հարակից զեկուցողն է, կարեւորեց օրինագծի վերաբերյալ փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ որեւէ պարագայում չի ընդունվելու որեւէ նախագիծ, որը կլինի ի հաշիվ հայոց լեզվի:

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կազմակերպել խորհրդարանական լսումներ` ներգրավելով բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին:

Նիստին հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հրավերով մասնակցում էր ՀՀ Գերագույն խորհրդի լեզվի եւ մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Վալերի Միրզոյանը, ով եւս ներկայացրեց իր դիրքորոշումը: Օտարալեզու կրթությունը բոլոր մակարդակներում համարելով վտանգավոր երեւույթ, ուղիղ ճանապարհ դեպի ուծացում եւ ազգի միասնականության պառակտում,  նա նշեց, որ օտար լեզվով կրթվելով` այդ երեխաները դառնալու են մանկուրտներ : Նա անհասկանալի համարեց, որ ձգտելով եվրաինտեգրման, չենք օգտվում եվրոպական զարգացած երկրների փորձից, որտեղ չկան նմանատիպ այլալեզու դպրոցներ:

Այս նախագծից բացի քննարկվեց նաեւ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Կարեն Վարդանյանի, Արա Նռանյանի, Արտյուշ Շահբազյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են սահմանել, որ պետական կառավարման մարմինները եւ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմիններն ունենան ինտերնետային կայքէջ, որտեղ պետք է տեղադրեն բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները` ըստ ուղղությունների:  Նշված միջոցների հրապարակայնության վերաբերյալ դրույթը չի տարածվելու ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում լիազոր մարմինների եւ ոստիկանության բնագավառի լիազոր մարմնի, ինչպես նաեւ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների վրա: Ըստ նախագծի` տեղեկատվությունը պետք է տեղադրվի վերոնշյալ գործարքների կատարումից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

Քննարկված երրորդ օրինագիծը  «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն էր, որով   ՀՀ կառավարությունն առաջարկում է երկքաղաքացիներին հնարավորություն տալ ընդունելության քննություններին մասնակցել նաեւ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը հետաձգեց երկու այլ օրինագծերի քննարկումը:

Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ  քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նույնանուն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի եւ Լոռու մարզերին:

Հեղինակի` ՀՀ կառավարության առաջարկով հանձնաժողովը հետաձգեց «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am